Եվրասիական փորձագիտական ակումբը «Հայաստանը ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում՝ փորձառություն, նվաճումներ, հեռանկարներ» տարեկան ամփոփիչ նիստն էր հրավիրել դեկտեմբերի 17-ին, մասնակցում էին դեսպաններ, գիտնականներ, պետական կառույցների ներկայացուցիչներ, բուհերի ուսանողներ: Քննարկումը սկսելով՝ «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ Արամ Սաֆարյանն ասաց, որ ակումբը չորրորդ տարին է բոլորում և դարձել է հետաքրքիր ու օգտակար քննարկումների հարթակ, առավել ևս այս տարի, որը «բարդ էր, դժվար, բայց մենք բոլորս գիտենք՝ ուր ենք գնում»: Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր ՈՒրազաևը խոսքը սկսեց 1994-ից, երբ Մոսկվայում նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկեց ստեղծել Եվրասիական տնտեսական միություն, որը հնարավոր եղավ բոլոր փուլերն անցնելուց հետո ներկա ձևաչափով կյանքի կոչել 2015-ից: Դեսպանը համարում է, որ 2016-ին ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ-ում մեծացել է, անկում է ապրել միայն դոլարով հաշվարկներում՝ և Ղազախստանում, և Ռուսաստանում 100 %-ով արժեզրկում է եղել, Հայաստանը մոնետար քաղաքականության մեջ ավելի հաջող դիրքերում է՝ 24 %: Նա նշեց, որ ղազախ-հայկական առևտրական հարաբերություններում Հայաստանը միշտ դրական սալդո է ունեցել: «Տնտեսական համագործակցությունը հարաբերությունների մի հարթություն է, մենք հարաբերվում ենք նաև ռազմաքաղաքական հարթության մեջ և ՀԱՊԿ-ի շրջանակներում: Մենք պիտի կարողանանք ժամանակին արձագանքել տնտեսական, հումանիտար սպառնալիքներին, որ կան ժամանակակից միջազգային գործընթացներում»,- ասաց դեսպանը: Նա շնորհակալություն հայտնեց ԵԱՏՄ գործընկերներին՝ Չինաստան, Իրան, Հնդկաստան, Վիետնամ, շեշտելով, որ նրանցից ստացվում են հետաքրքիր առաջարկություններ:
Պարոն ՈՒրազաևը հատկապես շնորհակալ էր եվրասիական փորձագիտական ակումբին ու Արամ Սաֆարյանին՝ միշտ շահագրգիռ, պատրաստակամ ու բարձրամակարդակ քննարկումների համար:
ՀՀ-ում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը նվազ պերճախոս չէր, նա փորձագիտական ակումբի նիստերը համարեց հարթակ, որտեղ բարձրացվում են հայ հասարակությանը հետաքրքրող հարցերն ու տրվում են պատասխանները: Տարածաշրջանային ինտեգրումը ժամանակակից աշխարհում Իգոր Նազարուկը համարում է համաշխարհային տնտեսության զարգացման պայման: Եվրասիական տնտեսական ինտեգրումը նա համարեց կարճատև պատմություն ունեցող և շեշտեց, որ ժամանակին պետությունների ղեկավարներն ընդունել են հավասարակշիռ որոշումներ՝ միությունը ստեղծելու հարցում: «Մեր տնտեսությունները մրցակցում են համաշխարհային տնտեսության հետ և այդ իրավիճակում մեր ուժերը չմիավորելով՝ առանձին-առանձին չէինք կարող դիմակայել: Առավել ևս տեսնում ենք՝ ինչ հռետորաբանություն է զարգանում աշխարհում, դա չի կարող չտագնապեցնել»՝ համոզված է Բելառուսի դեսպանը: Նրա կարծիքով՝ ԵԱՏՄ ինտեգրումը պիտի շարունակվի առանց սահմանափակումների, որ վերաբերում է ոչ միայն ապրանքների տեղաշարժին, այլև մարդկանց ու ֆինանսներին: Օրինակ բերելով ռուս-բելառուսական ինտեգրումը տարբեր ոլորտներում՝ Իգոր Նազարուկը բոլորին առաջարկեց իրենց հետևել: Նա հռետորական հարց բարձրացրեց՝ ի՞նչ կլիներ, եթե պետությունները չինտեգրվեին տարբեր միությունների, և ինքն էլ պատասխանեց, որ շատ ավելի բարդ կլիներ մենակ լուծել հարցերը: Նրա գնահատականով՝ ցանկացած պետության հիմնական նպատակը ժողովրդի բարեկեցության բարձրացումն է, որը առանձին-առանձին երկար ժամանակ կպահանջեր, իսկ միասին լուծվում է ավելի արդյունավետ ու արագ:
Նշելով, որ 2017-ին ՀԱՊԿ-ում նախագահելու է Բելառուսը՝ Իգոր Նազարուկը հավաստիացրեց, որ Մինսկը կատարելու է բոլոր պայմանավորվածությունները և որոշումները՝ աշխատելով ոչ միայն պաշտպանունակության ամրապնդման, այլև ՀԱՊԿ-ի հեղինակության բարձրացման համար արտաքին աշխարհում:
ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի ողջույնի խոսքը ներկայացրեց ՌԴ դեսպանի խորհրդական, դեսպանորդ Անդրեյ Իվանովը: Դեսպանն ուղերձում կարևորել էր ժամանակակից աշխարհում ինտեգրացիոն գործընթացների դերը, հետխորհրդային տարածքում տարածաշրջանային մակարդակով կառույցների ստեղծումը նա համարում է բնական արձագանք միջազգային համակարգի ապահավասարակշռվածությանը: Այդ միտումը կապվում է միջազգային ասպարեզում բազմակենտրոնության փաստը որոշ պետությունների չընդունելու հետ: ԱՊՀ-ն և ԵԱՏՄ-ն, նրա կարծիքով, ձևափոխվում ու զարգանում են ժամանակի պահանջներին համահունչ: ԵԱՏՄ-ն բարդ պայմաններում է կայանում, այնուհանդերձ միությունը հաջողությամբ գործառնում է արդեն երկու տարի: Կարճ ժամանակում զարգացումն ակնհայտ է՝ միությունը ժամանակակից, կոնկրետ խնդիրների լուծմանը նպատակաուղղված տնտեսական ինտեգրման կազմակերպություն է: ԵԱՏՄ հնգյակը 182 միլիոն մարդ ունեցող տարածք է և պատրաստ է լինել հուսալի ու կանխատեսելի գործընկեր նրանց համար, ովքեր ցանկանում են փոխշահավետ հարաբերություններ զարգացնել: Պարոն Վոլինկինն ուղերձում բարձր էր գնահատել Հայաստանի նախագահությունը ՀԱՊԿ-ում՝ առանձնացնելով հոկտեմբերին Երևանում կայացած գագաթնաժողովը, որի ժամանակ հաստատվեց հավաքական անվտանգության ռազմավարությունը մինչև 2025-ը:
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը ներկայացրեց ՀՀ տնտեսության հիմնական ցուցանիշները 2016-ի 10 ամիսներին և 2015-ի դասերը եվրասիական տնտեսական ինտեգրման համար: Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը՝ եվրասիական ինտեգրման և Մետաքսի ճանապարհի հատման կետերը Հայաստանում: Քաղաքագիտության թեկնածու Խաչիկ Գալստյանի ելույթի թեման Հայաստանը և ՀԱՊԿ-ն էր՝ ՀԱՊԿ-ի երևանյան համաժողովի հռչակագրի ակտուալ նշանակությունը: Ապակառուցողական պաշտամունքների զոհերի վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանն անդրադարձավ Հայաստանում գործող աղանդներին ազգային անվտանգության ենթատեքստում: Պատմական գիտությունների թեկնածու Աշոտ Կարապետյանը ներկայացրեց եվրասիական գիտական իննովացիոն ցանցի ձևավորումն իբրև ինտեգրացիայի խորացման մեխանիզմ: Բոլոր ելույթներից հետո, որոնց տեքստերին կարող եք ծանոթանալ sojuz.info կայքում, մասնակիցներին հարց ու պատասխանի հնարավորություն տրվեց, երևի բոլորին ամեն ինչ պարզ ու հասկանալի էր՝ հարցերի փոխարեն ավելի շատ ելույթներ հնչեցին: Մի քանի ժամ տևած քննարկումից հետո փորձեցի մի քանի հարցերի պատասխաններ ստանալ մասնակիցներից: ԽԱՉԻԿ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ հարցրի.
-Ձեր կարծիքով՝ ՀԱՊԿ-ի գործունեությունը Հայաստանին բավարարո՞ւմ է:
-Հայաստանի նախագահության շրջանն աչքի ընկավ ՀԱՊԿ-ի որոշակի ակտիվացմամբ, շատերը սպասում էին, որ Հայաստանը ավելի շատ կգնա սեփական շահերի բավարարման ուղղությամբ, ի պատիվ մեզ՝ ասեմ, որ Հայաստանը մնաց իր բարձունքում:
-Լա՞վ էր, որ բարձունքում մնաց, ընկալվե՞ց դա:
-Փոքր պետությունները վերմակն իրենց վրա քաշելով՝ կարող են գլոբալ հակասությունների առիթ տալ: Արտաքին քաղաքականության մեջ միշտ պետք է պահպանել հավասարակշռությունը: Հայաստանը իր կարևորագույն խնդիրները նախագահի շուրթերով բարձրաձայնեց և իր դժգոհությունը հայտնեց ՀԱՊԿ առանձին պետություններից՝ դաշինքին ոչ այնքան հարիր քաղաքականություն վարելու տեսանկյունից: Հենց երևանյան վեհաժողովում էլ հայկական կողմը այդ հարցը բարձրացրեց, մեզ համար սկզբունքային էր Ղարաբաղի հարցով հայտարարության ընդունումը, և հայտարարությունն ընդունվեց: Երբ դաշինքի անդամներից մեկի անվտանգությանն ուղղված սպառնալիք կա, պե՞տք է դաշինքը գործի, թե՞ ոչ:
-Բոլոր դեպքերում մենք Ադրբեջանի ագրեսիայի դեմ չենք դիմել ՀԱՊԿ-ին:
-Իրավական տեսանկյունից, պայմանագրի տառի տեսանկյունից՝ այո, բայց գործընկերային հարաբերությունների տեսանկյունի՞ց: Հակաճգնաժամային կենտրոնների ստեղծումը, կարծում եմ, կթեթևացնի վիճակը և տեղեկատվության փոխանակումը ինչ-որ կաբինետային չինովնիկի քմահաճույքից կախված չի լինի:
-Ձեզ չի՞ զարմացնում, որ ՀԱՊԿ երկրների նախագահները ապրիլին զանգահարում էին ոչ թե գործընկեր ՀՀ նախագահին, այլ Ադրբեջանի, հետո անմեղ ու մտահոգ տեսք էին ընդունում:
-Հայաստանը ի՞նչ հնարավորություններ ունի Ղազախստանի կամ Բելառուսի քաղաքականության վրա ազդելու՝ մի կողմից շատ փոքր, մյուս կողմից՝ մենք ընդհանուր շահերով համախմբված ենք մի կառույցում և միմյանց շահերը պիտի հաշվի առնենք: Վստահ եմ, որ եթե նույնը նրանց հետ պատահի, Հայաստանը չի օգտվելու կարճաժամկետ, պրագմատիկ շահերից: Դոլարով փոխհատուցումներից բացի՝ Բելառուսի և Ղազախստանի դեպքում կա մշակութային ու էթնիկ համերաշխության հարց՝ Մինսկը առաջնորդվում է զուտ պրագմատիզմով, բայց դաշինքի ձևաչափը պետք է ֆինանսներից բարձր լինի:
-Չե՞ք կարծում, որ հայ-ռուսական հարաբերությունները և ՀԱՊԿ-ին, և ԵԱՏՄ-ին փոխարինում են:
-Եթե հնարավորություն տրվեր չանդամակցել այդ կառույցներին, բայց նույն մակարդակի հարաբերություններ ունենալ ՌԴ-ի հետ, գուցե ընտրեինք այդ տարբերակը:
-Բելառուսի նախագահության շրջանում հնարավոր համարո՞ւմ եք ՀԱՊԿ-ում հայ գլխավոր քարտուղարի նշանակումը:
-Սպասենք մի քանի օր, դեկտեմբերի 26-ին, Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ հավաքն է լինելու, Երևանում մենք զիջեցինք, բայց այդ հարցը ռոտացիոն կարգով է լուծվում և Հայաստանն ունի արժանավոր թեկնածուներ:
ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԻՆ հարցրի.
-ԵԱՏՄ-ի երկրորդ տարում գուցե դադարենք բացատրել՝ ինչը ինչո՞ւ չեղավ, և ասենք՝ ինչը ինչպես պիտի ստացվի:
-Այո, դա առաջին հերթին պիտի արվի, մասնագետ պետք չէ լինել՝ բացատրելու ինչո՞ւ չստացվեց: 2015-ը հաջող տարի չէր՝ անկումներ ունեցանք և դա համընկավ ԵԱՏՄ-ին անդամակցությանը: Պայմանագիրը ստորագրվեց, բայց գործընթացը չսկսված՝ պատժամիջոցներ սահմանվեցին ՌԴ-ի դեմ, նավթի գնանկումը բերեց ընդհանուր գնողունակության անկման, գունավոր մետաղների գների անկում եղավ, որ մեր արտահանման 30 %-ն է:
-Չունենալով ընդհանուր սահման՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունը մաքսատուրքերի առումով ի՞նչ է տալիս, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը տարբեր հասկացություններ են՝ ապրանքաշրջանառությունը ՌԴ-ի հետ մի պատմություն է, մյուս երեքի հետ միասին՝ մեկ այլ: Գուցե օրենսդրորեն, գուցե քաղաքականապես ԵԱՏՄ-ն պատրաստ չէ՞ կատարել իր իսկ կանոնադրությունը:
-ՌԴ-ի ներուժը ԵԱՏՄ-ում գերազանցում է 90 %-ը, իրավացի եք, որ գումարելիները ակնհայտ տարբեր կշիռ ունեն, ՌԴ մեր արտահանումը աճել է մոտ 90 %-ով, հիմնականում գյուղմթերքներ: Եթե դու արտահանում ես քո պատրաստի արտադրանքը ՌԴ, ինչո՞ւ չօգտվես ԵԱՏՄ հնարավորություններից՝ մաքսատուրքերի վերացումից, էժան էներգակիրներ ունենալուց: ԵԱՏՄ պայմանագրի 114 հոդվածով դու որևէ սահմանափակում չունես այլ ուղղություններով աշխատելու: Մակրոտնտեսական ցուցանիշները, գնաճը տարբերվում են ԵԱՏՄ տարածքում, չի համաձայնեցվում դրամավարկային քաղաքականությունը՝ սրանք բոլոր պետությունների համար են խնդիր: Եթե չլինեինք ԵԱՏՄ անդամ, ի՞նչ կլիներ: Գազ կստանայինք 30 %-ով թանկ, մեր ապրանքները դժվարությամբ կարտահանեինք:
-ՈՒկրաինային ինչքանո՞վ է Ռուսաստանը գազ վաճառում:
-Կարծես՝ մոտ 200 դոլար:
-160 դոլար:
-Մեզ՝ 150 դոլար:
-Դա սահմանին, իսկ երկրի ներսո՞ւմ:
-Դա ուրիշ հարց է: Պետք չէ խառնել, կան մատակարարողի ծախսեր, սոցիալական գործոններ: Անցյալ տարի ջերմոցները գազ էին գնում խորանարդ մետրը 156 դրամով, այս տարի՝ 100, դա նշանակում է, որ նրանց ապրանքը 10 % կէժանանա: Իսկ դա բարձրացնում է մրցունակությունը:
«Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ խնդրեցի ամփոփել քննարկման արդյունքները.
-Անցնող ամբողջ տարին Եվրասիական փորձագիտական ակումբի տնտեսագետները, սոցիոլոգները, իրավաբանները, միջազգայնագետները ներկայացրել են Հայաստանի փորձագիտական հանրությունը եվրասիական տարածքում, մասնակցել ենք կոնֆերանսների Մոսկվայում, Պետերբուրգում, Սիմֆերոպոլում, Չելյաբինսկում: Մեր հրապարակումները տեղ են գտել եվրասիական տարածքի, ԱՄՆ-ի ու Կանադայի գիտական ու հանրամատչելի ամսագրերում: Եվրասիական փորձագիտական ակումբը այս չորս տարիներին ապացուցեց, որ ամենաորակյալ փորձագիտական հարթակն է, որտեղ կարելի է քննարկել եվրասիական ինտեգրման մեծ ու փոքր խնդիրները, անել կանխատեսումներ, օգտակար լինել ոչ միայն պետությանը, այլև հիմնական քաղաքական ուժերին, հասարակական, գիտական կառույցներին: Մենք գիտենք, որ կա ԵԱՏՄ-ի քննադատություն, բայց ամենակարևորը՝ շեշտակի մեծացել է հետաքրքրվողների թիվը՝ և հասարակական կառույցների, և երիտասարդների: Շատ են կառույցները, որ ցանկանում են աշխատել եվրասիական ինտեգրման դաշտում, նրանք մեզ մրցակիցներ չեն, մենք աշխատում ենք բոլոր ցանկացողներին ներգրավել մեր աշխատանքներում: 2017-ը ընտրությունների տարի է, երբ շատ կարևոր է ներքին քաղաքական կայունության պահպանումը: Ազնիվ, արդար, թափանցիկ ընտրություններ են մեզ պետք, որոնք ոչ միայն միջազգային հանրության տեսակետից ժողովրդավարական գնահատվեն, այլև նախ և առաջ հասարակության համար ընդունելի լինեն: Տարատեսակ մտքերի ու գաղափարների բախումները չպետք է ազդեն ներքաղաքական կայունության վրա: Նոր կառավարությունը կարող է աշխատել ու հաջողության հասնել, երբ կա ներքաղաքական կայունություն: Տնտեսական բարեփոխումները կարող են հաջողվել կամ չհաջողվել, առանց ներքաղաքական կայունության բարեփոխումների մասին խոսելն ավելորդ է:
-Ի՞նչ է պետք ներքաղաքական կայունության համար:
-Հասարակական երկխոսություն: Մեր երկրում հիմնական քաղաքական ուժերի միջև չդադարող երկխոսություն է պետք, համատեղ փնտրտուք, եթե այդպիսի համերաշխություն ստեղծենք, կարող ենք հավակնել տնտեսական լուրջ հաջողությունների, եթե ոչ, գլորվելու ենք անհուսալի հետամնացության ճահիճը, որից դուրս գալու համար տասնամյակներ են պետք:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Ես խորապես համոզված եմ, որ ֆիզիկական ու մենթալ, բարոյական ու ֆինանսական խնդիրներ չունեցող, դեպրեսիվ իրավիճակներում չհայտնված բանական մարդը աղանդների ներգործությանը չի տրվի: Բայց կյանքը ընթացք չէ կանաչ դաշտով՝ հոգեպարար մեղեդիների տակ: Աղանդներ եղել են միշտ ու գուցե միշտ էլ լինելու են՝ ելնելով հենց կյանքի ընթացքից: Ներկայացնելով աղանդների գործունեությունը՝ Ալեքսանդր Ամարյանը ստեղծեց այն տպավորությունը, որ աշխարհի բոլոր աղանդները հնարել է Արևմուտքը՝ քայքայելու հետխորհրդային տարածքը: Արևմուտքը մայրն է բոլոր խառնակությունների, մեղքերի, այլանդակությունների, իսկ մենք՝ զոհը: Չընդունելով զոհի կարգավիճակը և հարցի նման դրվածքը, հարկադրված եմ ասել, որ քարոզչությունը ահավոր նուրբ զենք է ու հակառակ արդյունքն է տալիս, երբ իբրև կացին է գործածվում: Աղանդների դեմ պետք է պայքարել՝ միանշանակ, բայց ոչ թե իբրև Արևմուտքի հետախուզական ու քայքայիչ գործունեության, այլ մարդու ուղեղն ու հոգին, մարմինը կազմալուծող ախտի: Թերևս շատ խորհրդանշական էր, որ երբ հարցրին՝ աղանդների դեմ պետական պայքարի ինչ օրինակ կա, պարոն Ամարյանը բերեց Ֆրանսիայի փորձը: Իսկ ընդհանրապես՝ համաժողովը բազում հարցեր բարձրացրեց, որոնց պատասխաններին հաստատ 2017-ը չի հերիքի: